Հայաստանում ներքին սպառողները ստիպված են շատ ավելին վճարել առաջին անհրաժեշտության ապրանքների եւ կոմունալ ծառայությունների համար, քան տարածաշրջանի այլ երկրներում կամ նույնիսկ Եվրոպայում: Նման կարծիք հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Վերջինիս խոսքով՝  դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում կոմունալ ծառայությունների սակագները կոռումպացված եւ արհեստականորեն բարձրացված են:

«Այս իրավիճակը Հայաստանին ոչ գրավիչ է դարձնում օտարերկրյա ներդրողների համար, ընդ որում, վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունում ոչ միայն ներդրումներն են կրճատվել, այլ նաեւ՝ կապիտալի արտահոսքը, քանի որ հայ ձեռնարկատերերը չեն ցանկանում ներդրումներ կատարել իրենց երկրում»,- նշեց Իգիթյանը:

Ըստ ընդդիմադիր գործչի` Հայաստանի սպառողական շուկայում եւ կոմունալ ոլորտում գների կոռումպացվածությունը իր հատուկ պատճառն ունի, որին ավելի վաղ անուղղակի կերպով ակնարկել էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: «Նա նշել էր, որ ներկայիս կառավարությունը ձեւավորվել է մեկ նպատակով՝ արդյունավետ կառավարման ստեղծման: Սա տերմին է, որը լայնորեն կիրառվում է գործարար ոլորտում եւ նշանակում է ծախսերի օպտիմալացում, ինչն էլ իր հերթին ենթադրում է հաստիքների կրճատում», - բացատրեց Հովհաննես Իգիթյանը:

Մինչդեռ ներկայիս կառավարության քայլերը, շարունակեց նա, որեւէ կապ չունեն պետությանը բնորոշ աշխատանքի հետ, քանի որ կառավարման մեջ բիզնեսի սկզբունքների կիրառումը անընդունելի է: «Բյուջեի համալրման հետ մեկտեղ պետությունը պետք է այլ խնդիրներ եւս լուծի՝ սոցիալական, ժողովրդագրական, մշակութային, ներդրումային: Ընդ որում, չի կարելի լուծել այս խնդիրները քաղաքացիների վրա ֆինանսական բեռի մեծացման հաշվին», - ընդգծեց ՀՀՇ անդամը:

Հովհաննես Իգիթյանի կանխատեսումներով՝ 2018 թվականին եւ հետագայում Հայաստանում գնաճային ճնշումները կավելանան: Հայաստանի իշխանությունները, ի լրումն նրան, որ չեն ձգտում վերացնել ներքին սուբյեկտիվ գործոնները, նաեւ չեն պաշտպանում ներքին շուկան արտաքին օբյեկտիվ գործոններից՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական առումով: Միեւնույն ժամանակ, արտաքին գործոնները, մասնավորապես՝ հակառուսական պատժամիջոցները եւ ԵՏՄ շրջանակներում արտոնյալ մաքսային ժամկետի ավարտը, անխուսափելիորեն կազդեն գների վրա: