Միացյալ Թագավորությունը այն երկրներից մեկն է, որը ողջունել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համաձայնագրի ստորագրումը: NEWS.am-ին տված հարցազրույցում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը պատմել է համաձայնագրի առավելությունների եւ Brexit-ից հետո Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին:

ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: ՄԹ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Արեւելյան գործընկերությանը»: Ինչպե՞ս այս համաձայնագրի ստորագրումը կանդրադառնա ՄԹ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման վրա: Ինչպե՞ս եք Դուք տեսնում մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը Brexit-ից հետո:

Մեծ Բրիտանիան ողջունում է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումը, որը լայն հնարավորություններ կստեղծի մի շարք ոլորտներում համագործակցության համար: Ամենակարեւորը՝ համաձայնագիրը աջակցում է Հայաստանում ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների ծրագրին, որը ՀՀ Ազգային ժողովը հաստատել է անցյալ ամռանը:

Մենք կարծում ենք, որ այս համաձայնագիրը մեծ հնարավորություններ ունի օգտակար լինելու Հայաստանի քաղաքացիների համար: Թեպետ Միացյալ Թագավորությունը լքում է Եվրամիությունը, մենք պահպանում ենք նույն ընդհանուր արժեքները եւ մեծ հետաքրքրությունը Հայաստանի՝ որպես բարգավաճ, ժողովրդավարական եւ կայուն երկրի զարգացմանը աջակցելու հարցում:

Ես վստահ եմ, որ Brexit-ից հետո Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունները է՛լ ավելի կամրապնդվեն: Դրա որոշակի կոնկրետ վկայություններն արդեն կան. նախ՝ 2018 թվականի ապրիլից Հայաստանին որպես Բրիտանական կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» շահառու ներառելու վերջերս ընդունված որոշումը, ինչի արդյունքում Հայաստանում կառավարման եւ տնտեսական բարեփոխումների իրականացման համար ավելի մեծ ֆինանսական միջոցներ կտրամադրվեն: Բացի այդ, նախորդ տարվա աշնանը վարչապետի կողմից Մարկ Փրիթչարդի նշանակումը որպես Հայաստանում առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար վկայում է այն մասին, որ մենք մտադիր ենք ամրապնդել եւ դիվերսիֆիկացնել առեւտրային հարաբերությունները երկու երկրների միջեւ: Ուստի ես շատ լավատես եմ երկկողմ հարաբերությունների ապագայի հարցում:

Միացյալ Թագավորությունը «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը ֆինանսավորող կողմերից մեկն է: Ծրագիրը աջակցություն է ենթադրում Հայաստանում հետընտրական սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Ինչպե՞ս է ՄԹ-ն վերահսկում ծրագրի իրականացումը: Արդյոք կա՞ բարեփոխումների իրականացման մոնիտորինգի որեւէ մեխանիզմ:

Շարունակելով Ձեր նախորդ հարցին ի պատասխան ասածս՝ պետք է նշեմ, որ սա Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության ոլորտում ՄԹ-ի եւ ԵՄ-ի համագործակցության հիանալի օրինակ է, քանի որ մենք համատեղ ֆինանսավորում ենք Եվրոպայի խորհրդի այս նախագիծը: Արդարադատության գործող համակարգը եւ օրենքի արդյունավետ գերակայությունը կարեւոր են ցանկացած երկրի ժողովրդավարության, կայունության եւ բարգավաճման համար:

ՄԹ-ի աջակցությունն ուղղված է արբիտրաժային մարմինների զարգացմանը՝ վեճերի լուծման երկու կարեւոր այլընտրանքային մեխանիզմ, որոնք արդեն իսկ լավագույնս դրսեւորել են իրենց եւ լայնորեն կիրառվել են Բրիտանիայում վեճերի լուծման համար՝ առեւտրայիններից մինչեւ ընտանեկան: Դրանք, որպես կանոն, ավելի էժան, արագ եւ պակաս հակասական են, քան դատավարությունը դատարաններում:

Այս նախագիծը կնպաստի լիազորությունների հստակ շրջանակով եւ էթիկայի ուղեցույցներով համազգային արբիտրաժային մարմինների ստեղծմանը, որոնք, մենք հուսով ենք, Հայաստանում կդառնան առավել հասկանալի եւ առավել լայնորեն կիրառվող, քանի որ դա կնվազեցնի նաև դատական ​​համակարգի ծանրաբեռնվածությունը: Մենք աջակցում ենք նաև Փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ հնարավորությունների ամրապնդմանը, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ բացատրել եւ պաշտպանել իրենց հաճախորդների իրավունքները՝ այդպիսով նվազեցնելով ահաբեկման, միջամտության եւ հետապնդման հնարավորությունները եւ ի վերջո՝ արդարադատության ձախողումները: Բոլոր այս միջոցները կարող են նպաստել Հայաստանում արդարադատության ավելի լայն հասանելիությանը եւ արդարադատության համակարգի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը:

Ինչ վերաբերում է մոնիտորինգին, ապա բոլոր այն նախագծերը, որոնց մենք աջակցում ենք, պետք է հաջողության հստակ ցուցանիշներ ունենան, որոնք կարող են օգտագործվել դրանց արդյունավետության ու ազդեցության գնահատման համար: Ծրագրի իրականացման ընթացքում մենք շարունակաբար հետեւում ենք նախագծված քայլերի իրականացմանն ու համաձայնեցված արդյունքների ապահովմանը: Նախագծի ավարտից հետո դրա ազդեցությունը կորոշվի արտաքին գնահատման միջոցով, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի գործընկերների ուսումնասիրությունների եւ ԵՄ-ի մոնիտորինգի միջոցով: Հայաստանի կառավարությունը եւս կտա իր գնահատականը: Եվ վերջին՝ բայց ոչ պակաս կարեւոր կետը. Հայաստանի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան դատելու՝ արդյոք ծրագիրը շոշափելի արդյունքներ է ունեցել նրանց համար՝ արդարադատության հասնելու առումով:

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Մարկ Փրիթչարդին նշանակել է որպես Առեւտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Հայաստանում եւ Վրաստանում: Երեւան կատարած այցի ընթացքում պարոն Փրիթչարդը նշել էր, որ Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ կա: Որո՞նք են այն հիմնական ոլորտները, որոնք Միացյալ Թագավորությունը ցանկանում է զարգացնել՝ բացի հանքարդյունաբերության ոլորտից:

Նախեւառաջ ուզում եմ նշել, որ բրիտանական ընկերություններն արդեն իսկ ակտիվորեն ներկայացված են հայկական շուկայում ոչ միայն հանքարդյունաբերության, այլ նաեւ բանկային, ֆինանսական, դեղագործական, քիմիական, շինարարական նյութերի, ավտոմոբիլային արդյունաբերության, դիզայնի, շինարարության, մանրածախ առեւտրի եւ կրթության ոլորտներում: Դեսպանատունը շարունակում է ամրապնդել տեղական ՏՏ ընկերությունների կողմից անցյալ տարի Միացյալ Թագավորությունում գրանցած առեւտրային առաքելության հաջողությունները, ինչը արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է տվել: Օրինակ, կիբերանվտանգությամբ զբաղվող բրիտանական VST Enterprises ընկերությունը պատրաստվում է աշխատել Հայաստանում:

ՄԹ-ն զգալի գիտելիքներ ունի ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ զբոսաշրջության զարգացման ոլորտներում խորհրդատվության ապահովման բնագավառում, եւ ես ուրախ եմ, որ բրիտանական ընկերությունները արդեն իսկ զբաղվում են կամ մտադիր են ներկայացված լինել այդ ոլորտների հայկական շուկայում:

Սակայն, ինչպես նշել է պարոն Փրիթչարդը, զգալի չօգտագործված ներուժ կա: Անշուշտ, առանձին ընկերություններն իրենք պետք է որոշեն, թե ինչպես վարվել, սակայն մենք համագործակցության համար չօգտագործված զգալի ներուժ ենք տեսնում ՏՏ, կրթություն, վերականգնվող էներգետիկայի, ծառայությունների մատուցման, ֆինանսական եւ բանկային գործի ոլորտներում: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի Զարգացման հիմնադրամի եւ Մարկ Պրիտչարդի հետ, որպեսզի բրիտանական ընկերությունները տեղյակ լինեն Հայաստանի հնարավորությունների մասին եւ կարողանան հաջողությամբ առաջ շարժվել շուկայում:

Երկրների միջեւ ուղիղ չվերթերը կարեւոր են տնտեսական կապերի զարգացման համար: Նախատեսվո՞ւմ է արդյոք Երեւան-Լոնդոն ուղիղ չվերթ բացել:

Ուղիղ չվերթները պարտադիր չեն, բայց դրանք, իհարկե, նպաստում են առեւտրային եւ մարդկային կապերին: Ես ուրախ կլինեի ուղիղ չվերթներ տեսնել Հայաստանի եւ ՄԹ-ի միջեւ, եւ մեր հանդիպումների ժամանակ հայ նախարարները այս հարցը հաճախ են բարձրացնում: Ինչպես ես բացատրում եմ նրանց, ցավոք, բրիտանական կառավարությունը չի կարող զբաղվել այդ հարցով, մենք չենք կարող մասնավոր ավիաընկերություններին ասել, թե ինչ անել: Բոլոր ավիաընկերությունները որոշումներ են կայացնում սեփական բիզնեսի շահերի եւ սպառողական պահանջարկի հիման վրա: Եթե նրանք տեսնում են, որ ձեռնտու է թռչել Երեւան կամ Գյումրի, այսինքն՝ վայրէջքի եւ լիցքավորման ծախսերը գրավիչ են, բյուրոկրատական, տեխնիկական կամ քաղաքական որեւէ խոչընդոտ չկա, և ուղեւորների շրջանում մեծ պահանջարկ կա, ապա նրանք կգան: ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ազատականացումը կարող են նոր հնարավորություններ եւ խթաններ ստեղծել եվրոպական ավիափոխադրողների համար, այդ թվում նաեւ` բրիտանական:

Եթե Հայաստանը հաջողությամբ զարգացնի լայնածավալ զբոսաշրջային ռազմավարություն, ինչպես նախատեսվում է, ապա դա կմեծացնի դեպի Հայաստան չվերթների պահանջարկը: Մենք կարող ենք ներկայացնել այդ հնարավորությունները եւ անում ենք դա, սակայն, վերջին հաշվով, բրիտանական ավիափոխադրողները որոշումներ կայացնում են ելնելով իրենց իսկ առեւտրային շահերից: