Մեղադրողը միջնորդություն կներկայացնի 16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանի նկատմամբ լրացուցիչ

դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Երեւանի Արաբկիր եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը ժամանակ է խնդրել միջնորդությանը պատրաստվելու համար:

Դատարանը նիստը հետաձգել է մինչեւ փետրվարի 2-ը:

Նշենք, որ ըստ նշանակված կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննության պատասխանների՝ Սուրեն Մուրադյանը դեպքի պահին գտնվել է  ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:  Արդյոք սա համարվում է  աֆեկտի տարատեսակ, պաշտպանը նշեց, որ փորձագետի եզրակացության համաձայն, այն աֆեկտի տարատեսակ է:

Նշենք, որ փորձաքննության կատարումը հանձնարարվել էր Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Վոլոդյայի Գասպարյանին եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Հակոբի Ղազարյանին: Փորձաքննությունը պարզելու է՝ արդյոք հանցագործությունը կատարելու պահին Սուրեն Մուրադյանը եղել է աֆեկտի վիճակում:

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Սուրեն Մուրադյանին ենթարկել դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության:

Արտակ Ոսկանյանը նշել էր, որ համաձայն չէ դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության արդյունքների հետ, ըստ որոնց իր պաշտպանյալը սպանությունը կատարելու պահին աֆեկտի վիճակում չի եղել: Սուրեն Մուրադյանի պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը տառապում է վարքի եւ հույզերի խառը խանգարումներով, գրանցված է Ավան հոգեբուժական կլինիկայում, ենթակա չէ զինվորական ծառայության:

Հիշեցնենք, որ Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է: