Սպառողական էլեկտրոնիկայի CES-2018 ցուցահանդեսի շրջանակում Hyundai Motor ընկերությունը հերթական նախագիծը ներկայացրել է էկոլոգիական ուժային սարքավորումների զարգացման շրջանակում. Nexo քրոսովերը կառուցվել է սեփական ճարտարապետությամբ՝ վառելիքային տարրերի վրա, սաստիկ ցրտերից չի վախենում եւ ընթացքի տպավորիչ պաշար է խոստանում, փոխանցում է  «Ավտովեստին»:

Մշակողները հատուկ նշել են, որ Hyundai Nexo-ն բացարձակ անկախ մոդել է, այլ ոչ թե արդեն գոյություն ունեցող քրոսովերի մոդիֆիկացիա: Ջրածնային նախորդի համեմատությամբ, ինչպիսին է Tucson FCEV քրոսովերը, նոր ճարտարապետությամբ կառուցված Nexo-ն մի շարք առավելություններ ունի, որոնցից գլխավորը ընթացքի մեծացված պաշարն է, որը կկազմի 596 կմ, որը 169 կմ-ով ավելի է, քան Tucson FCEV-ինը:

Դրա հետ մեկտեղ, Nexo-ն թեթեւ է, ավելի ընդարձակ, այն ավելի լավ դինամիկա ունի, վերջնամշակված վառելիքային տարրերի համակարգ: Բարելավված է ջրածնի պահման բաքը, օպտիմալացված է ուժային սարքի կազմվածքը, իսկ մարտկոցն ավելի մեծ տարողություն ունի եւ կարող է ավելի հզոր շարժիչի աշխատանքն ապահովել: Հայտարարվել է, որ Nexo-ի ջրածնի պաշարի պահման խտության ցուցանիշներն աշխարհում լավագույնն են, իսկ ավտոմեքենայի լիցքավորումը մոտ 5 րոպե է տեւում:

Քրոսովերի էլեկտրաշարժիչը ունի մոտ 163 ձիաուժ հզորություն եւ 394 Նմ պտտման պահ: Սա բավական է մինչեւ 100 կմ-ը 9,5 վայրկյանում զարգացնելու համար, սակայն առավել հետաքրքիր է ոչ այնքան դինամիկան, որքան ամբողջ ուժային սարքի ռեսուրսը: Ինչպես հայտարարել է ավտոարտադրողը, հուսալիության եւ երկարաժամկետ շահագործման հնարավորության աստիճանով Nexo-ն չի զիջում ավանդական ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաներին: Դրանից զատ, Nexo-ն գործում է ցածր ջերմաստիճանների պայմաններում. հետազոտությունները ցույց են տվել, որ ջրածնային քրոսովերը ի զորու է սառը մեկնարկ կատարել Ցելսիուսի -29 աստիճանի պայմաններում կայանատեղիում գիշերը մնալուց հետո:

Ընկերությունը մտադիր է 2025 թվականին շուկա դուրս բերել այդպիսի 18 մոդել: