Կառավարությունը հունվարի 11-ի նիստում հավանության է արժանացրել պահուստային ֆոնդի թանկարժեք իրերի օտարման միջոցառումների 2018-2021 թթ․ ծրագիրը։

Որոշման նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Ծրագիրը կիրականացնի ««Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը: Նախարարի խոսքով՝ 1996 թվականից ի վեր թանկարժեք քարերն ու պետական գանձերը չեն օտարվել, ինչի արդյունքում կուտակվել են բավականին մեծ քանակությամբ զարդեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը եւ արժեքը: «Բացի այդ, այս ապրանքները պահելը չափազանց թանկ է:Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հանրային աճուրդներ կազմակերպել պահուստային ֆոնդի չամրացված պահուստները վաճառելու նպատակով»,-նշել է նա։

Նախարարը հավելել է, որ եթե թանկարժեք իրերը  չվաճառվեն  սահմանված գնով, ապա դրանց արժեքը կարող է նվազել, սակայն միջազգային գներից ոչ պակաս: Վարդան Արամյանը նաեւ նշել է, որ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի  այդ աճուրդների անցկացման եւ դրանց արդյունքների մասին:

Ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կստանա բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ,  որոնք ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց արժեքը: