Ռոփերուելոս դել Պարամո մունիցիպալիտետի  (Կաստիլիա ի Լեոն ինքնավար համայնքում) բնակչուհի Ռոսա Մարիա դե Կաթնո Ֆերնանդեսը Ամանորին գնված «մոգերի կարկանդակի» միջից գտել է 9 հազար եվրոյի չեկ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Europa Press գործակալությունը հայտնել է, դե Կաթնո Ֆերնանդեսը ձեռք է բերել  երեք «մոգերի կարկանդակի», որը իսպանացիներն ավանդաբար ուտում են հունվարի 6-ին Աստվածահայտնության օրը։ Երկու կարկանդակը կինը նվիրել է, միայն մեկը՝ միջին չափի սերուցքային թխվածքը պահել իրեն։ Հենց դրանում էլ նա գտել է ցանկալի 9 հազար եվրոն։

Առաջին անգամ  թխվածքում դրամական պարգեւ դնելու գաղափարը իրականացրել են Conrado-ի տերերը 2009 թվականին, երբ հրուշակագործները որոշել էին զարմացնել գնորդներին 500 եվրո անակնկալով։ Ամեն տարի գումարի չափը ավելանում է։

Աստվածահայտնությանը «մոգերի կարկանդակ» պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել 13-14-րդ դարերում։ Այդ օրը կաթոլիկները հիշում են Նոր կտակարանի ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ մոգերի երկրպագությունը մանուկ Հիսուսին։ Պիրենեյան թագավորությունում Աստվածահայտնությանը ընդունված է  նվերներ տալ այնպես, ինչպես մոգերը իրենց նվերները նվիրաբերեցին։