Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կոչ են արել ԱՄՆ-ին չհրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից՝ չնայած Թեհրանի կառավարության վարած հակասական քաղաքականությանը:

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին օգնել, որպեսզի այդ պայմանագիրը շարունակի գոյություն ունենալ եւ միայն նոր կյանքով լցվի»,- այս մասին Բրյուսելում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ երեք եվրոպական երկրների ներկայացուցիչների ճգնաժամային հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է DW-ն:

Գաբրիելի խոսքով՝ այս համաձայնագիրը ցույց է տալիս, որ միջուկային զենքի տարածումը կարելի է կանխել դիվանագիտական միջոցներով, եւ դրա տապալումը «շատ վատ նշան կդառնար»՝  հատկապես Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրի շուրջ հակամարտությունների ֆոնին: Նախարարը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն հիմքեր չունի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերսկսման համար, որոնք կասեցվել էին միջուկային գործարքի կնքումից հետո:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափը, ով Իրանի դեմ միջուկային զենքի գործարքը «ԱՄՆ-ի կողմից երբեւիցէ կնքված ամենավատ ու միակողմանի գործարքներից մեկն» է անվանել, հունվարի 12-ին կհայտարարի Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման կամ հետագայում դրանց կասեցման վերաբերյալ իր որոշման մասին: