Հայաստանում Կենտրոնական բանկի կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքը տարիներ շարունակ բերում է դոլարային գների անշեղ աճ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2005 թվականին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում 10 տոկոսով, Ղազախստանում՝ 31 տոկոսով, Ղրղզստանում՝ 52 տոկոսով, Ադրբեջանում 55 տոկոսով, Մոլովայում՝ 20 տոկոսով, Ուկրաինայում՝ 20 տոկոսով։ Այդ ժամանակ Վրաստանում գներն ավելի բարձր էին քան Հայաստանում 3,5 տոկոսով, իսկ ՌԴ-ում դրանք Հայաստանից բարձր էին 26 տոկոսով։

2015-ին պատկերը փոխվել է։ Հայաստանն ամենաթանկն է։ Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում 29 տոկոսով, Ղազախստանում՝ 1 տոկոսով, Ղրղզստանում՝ 29 տոկոսով, Ադրբեջանում՝ 33 տոկոսով, Մոլդովայում՝ 17 տոկոսով, Ուկրաինայում՝ 54 տոկոսով, Վրաստանում՝ 8 տոկոսով, ՌԴ-ում՝ 4 տոկոսով։

2017-ին վիճակն, ըստ իս, ավելի է խորացել։ Բոլոր թվերը չկան։ Բայց հաստատապես հայտնի է, որ Վրաստանում գներն ավելի թանկ են, քան Հայաստանում առնվազն 20-տոկոսով։ Սա ԿԲ կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքն է։ Այն բերում է դոլարային գների անշեղ աճի։ Մինչդեռ պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել մրցակցությունը ապրանքների ու ծառայությունների մատակարարների մեջ»։