Ի տարբերություն ջրամատակարարման համակարգի, որն ավելի լավ վիճակում է գտնվում, ջրահեռացման համակարգի վիճակը բավականին ցավալի է: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Հայաստանի ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը նման կարծիք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ինչպես անկախության տարիներին, այնպես էլ խորհրդային ժամանակաշրջանում, Հայաստանում դրենաժային համակարգը միշտ որոշակի խնդիրներ է ունեցել:

«Ըստ էության, մենք ջրամաքրման վեց մեխանիկական կայան ունենք, այդ թվում նաեւ` «Աերացիան», սակայն մենք չունենք ենթակառուցվածք, որը թույլ կտար կենսաբանական մաքրություն ապահովել Հայաստանի առնվազն մեծ համայնքներում», - պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթի նպատակը այս հարցի լուծման նոր առաջարկների ձեւավորումն ու ներկայացումն է ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, որը զբաղվում է ջրային համակարգի մենեջմենթով, այնպես էլ այլ մասնավոր կազմակերպություննների կողմից, այդ թվում նաեւ՝ բավականին խոշոր, հանրապետության տարածքում այդպիսի գործողությունների իրականացման համար տենդերների ստացման միջոցով, ինչը գործող օրենսդրությամբ չի թույլատրվում:

Նշենք, որ մշտական հանձնաժողովը հաստատել է փաթեթը: