Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպանի միջնորդությունները՝ կրկնակի դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն անցկացնելու  եւ մեղադրանքը վերաորակելու մասին, մերժվել են: NEWS.am-ի հետ զրույցում Ռուզաննայի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նշեց, որ գործն արդեն դատարան է ուղարկվել եւ նախաքննական մարմնի կողմից մերժված միջնորդությունները պատրաստվում է ներկայացնել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

«Ես այսօր եմ իմ պաշտպանյալին տեսակցել, նա սպասողական վիճակում է, առողջական վիճակով էլ կարող եմ ասել, որ փոփոխություն չկա»,-ասաց նա:

Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ եւ համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:

Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմանում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինը չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետեւ ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը եւ անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու եւ նվաստացնելու համար: Ռուզաննա Մկրտչյանը վերցնելով կացինը եւ խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն եւ նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինը տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին եւ արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմանում, ամուսնու «Մերսեդես Բենց» մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել եւ թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմանում: