«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի ղեկավար Վարդեւան Գրիգորյանը նորմալ է համարում, որ իրենց խմբակցությունն ՀՀԿ–ի եւ ՀՅԴ–ի հետ մասնակցել է Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ կուսակցական շահ չեն ունեցել։

«Առանձին շահ չենք փնտրել, ընդհանուր աշխատանքային շահ էր։ Որպես կուսակցության շահ չենք ունեցել»,–ասաց պատգամավորը։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրենք որպես ընդդիմություն ՀՀԿ–ի հետ ավելի շատ են համագործակցում, քան ընդդիմադիր «Ելք»–ի, Գրիգորյանը պատասխանեց. «Ով է ասում, որ չենք համագործակցել «Ելք»–ի հետ։ Բազմաթիվ օրենքների վերաբերյալ դիրքորոշում ենք հայտնել։ Մեր համագործակցությունը «Ելք»–ի հետ ինքնանպատակ չի եղել։ Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի ներկայացրած օրենքի նախագծերի քվեարկությանը, մենք բազմիցս ասել ենք՝ այն օրենքները, որ շոշափում են ազգաբնակչության շահերը, ընդդիմություն չի նշանակում դեմ լինել ամեն ինչին»։

Ինչ վերաբերում է խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի հայտնած այն ցանկությանը, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում, Վարդեւան Գրիգորյանն ասաց՝ դեռ չեն քննարկել հարցը։ Առայժմ դժվարանում է ասել՝ ինչպես կքվեարկեն ՀՀԿ–ի թեկնածուի օգտին։

«Օդի մեջ ինչ ասենք, թեկնածուն հայտնի չէ, ծրագիրը հայտնի չէ։ Հազար գործ կա պլյուս մեր խմբակցության կարծիքը։ Նախագահականից դուրս ենք եկել, ժամեր է անցել, որեւէ քննարկում չի եղել։ Կախված է՝ ինչ թեկնածու է առաջադրում, քննարկում կլինի եւ դրա արդյունքում արդեն որոշում կկայացվի։ Ո՞ր երկրի նախագահը չի ուզենա, որ խորհրդարանում քվեարկությունները անցկացվեն բացարձակ մեծամասնությամբ»։