Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  ընտրվել է մայիսի 18–ին եւ որեւէ նոր ընտրության տրամաբանություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝  անդրադառնալով այն լուրերին, որ հունվարի 12-ին, ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը՝ դրվատելով 6–րդ գումարման Աժ աշխատանքները, ակնարկել է, որ Արա Բաբլոյանը շարունակելու է պաշտոնավարել։

«Ազգային ժողովի նախագահը մայիսի 18–ին ընտրվել է եւ անկախ նրանից ապրիլի 9–ից նոր կառավարություն կձեւավորվի Սահմանադրության պահանջով, սահմանադրական  որեւէ պահանջ չկա, որ Աժ–ն ապրիլից հետո նախագահ կամ փոխնախագահ փոխի։ Որեւէ  նոր ընտրության կարիք Սահմանադրությունը ոչ պարտադրում է, ոչ էլ դրա տրամաբանությունը կա։ Մտացածին են դրանք։ Աժ աշխատանքները նորմալ ընթանում են, ոչ մի պատճառ չկա, որ Արա Բաբլոյանը չշարունակի»,–ասել է Շարմազանովը։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, այս տարվա ապրիլից հետո, իշխանությունները ցանկանում են ազատվել Արա Բաբլոյանից: ԱԺ նախագահի պաշտոնի համար շրջանառվում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: