ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցների վերացման ռեժիմը՝ դրանով իսկ պահպանելով Իրանի միջուկային համաձայնագիրը: Սակայն, Թրամփը հայտարարել է, որ վերջին անգամ է սա անում, եթե համաձայանգրում փոփոխություններ չկատարվեն, որոնք ընդմիշտ կարգելափակեն Իրանի միջուկային զենքի ստեղծման հնարավոր ուղին, հաղորդում է Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:

 «Նախագահը հստակ հասկացրել է, որ վերջին անգամ է երկարաձգում պատժամիջոցների չեղարկման ռեժիմը», - ասել է բարձրաստիճան պաշտոնյան: «Նա մտադիր է աշխատել եվրոպական գործընկերների հետ հաջորդ (փոփոխություններ մտցնելու համար) համաձայնագրի համար»:

Թրամփը պահանջում է, որ իրանական միջուկային համաձայնագրում 120 օրվա ընթացքում փոփոխություններ կատարվեն, հակառակ դեպքում ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս կգա համաձայնագրից, հաղորդում է Reuters- ը:

Թրամփի պահանջները ներառում են չորս ասպեկտներ, ասել է վարչակազմի ներկայացուցիչը: Նախեւառաջ կխստացվի ստուգումների ռեժիմը եւ Իրանի բոլոր օբյեկտներում անհապաղ մուտք ունենալու հնարավորություն կպահանջվի:

Բացի այդ, անհրաժեշտ է երաշխավորել, որ Իրանը «չի մոտենա» միջուկային զենքի ստեղծման աշխատանքին ավելի քիչ քան մեկ տարվա ընթացքում:

Բացի դրանից ԱՄՆ-ն դեմ կլինի պայմանագրի որոշակի դրույթների ժամկետի ավարտին:

«Ժամկետների ավարտի ոչ մի ամսաթիվ չի լինի, եթե Իրանը չհամապատասխանի վարչակազմի ներկայացված նոր պահանջներին», - ասել է նա:

«Օրենքը պետք է առաջին անգամ նաեւ հստակեցնի, որ Իրանի կողմից հերահառ հրթիռների ստեղծումը մենք դիտարկում ենք որպես միջուկային զենքի ծրագրի անբաժանելի մաս», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Հիշեցնենք, որ Թրամփի որոշման հետ մեկտեղ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը որոշել է պատժամիջոցներ է կիրառել Իրանի 14 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ: