Կամ Իրանի միջուկային համաձայնագրի աղետալի թերությունները կվերացվեն կամ ԱՄՆ-ն դուրս կգա պայմանագրից: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ պատրաստ է Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալ օրինագծի աշխատանքներին՝ հավելելով, որ իր կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ պետք է ներառի չորս կարեւոր բաղադրիչ:
Մասնավորապես՝ Թրամփը պահանջում է, որ Իրանը թույլատրի միջազգային տեսուչների խնդրանքով ստուգումներ անցկացնել բոլոր օբյեկտներում: Երկրորդ՝ անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը նույնիսկ մոտ չլինի միջուկային զենքի տնօրինմանը:
Երրորդ՝ ի տարբերություն ներկա միջուկային գործարքի, այդ դրույթները չպետք է ժամկետ ունենան: Եթե Իրանը չկատարի այս դրույթներից մեկը, ԱՄՆ պատժամիջոցները ինքնաբերաբար կվերսկսվեն: Բացի դրանից անհրաժեշտ է հստակ նշել, որ հրթիռային եւ միջուկային ծրագրերը անբաժանելի են եւ, որ Իրանի հրթիռների մշակումները եւ փորձարկումները պետք է ենթարկվեն խիստ պատժամիջոցների:
Նրա խոսքով՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «հիմարություն է թույլ տվել» եւ ի վերջո «թույլ» համաձայնագիր է ստացել: «Իմ վարչակազմը աշխատում է առանցքային եվրոպական դաշնակիցների հետ նոր լրացուցիչ համաձայնագիր ապահովելու համար, որը նոր բազմակողմանի պատժամիջոցներ կսահմանի, եթե Իրանը մշակի կամ իրականացնի հեռահար հրթիռների փորձարկումներ:
Ես նաեւ մեր բոլոր դաշնակիցներին մեզ հետ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու կոչ եմ անում, որպեսզի դիմակայենք Իրանի այլ չարամիտ գործողություններին: Մեր դաշնակիցները պետք է դադարեցնեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորունը, նրա ռազմական վստահված անձանց եւ բոլոր նրանց, ովքեր նպաստում են Իրանի՝ ահաբեկչության աջակցությանը:
Նրանք պետք է «Հիզբոլլահը» որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչեն: Նրանք պետք է միանան մեզ` Իրանի հակահրթիռային ծրագրերի զարգացումը կանխելու եւ հրթիռների տարածումը դադարեցնելու համար, հատկապես Եմենում: Նրանք պետք է մեզ միանան Իրանի կողմից կիբեր սպառնալիքների դեմ պայքարում եւ օգնեն մեզ կանխել միջազգային նավագնացության դեմ Իրանի ագրեսիան: Նրանք պետք է ճնշեն Իրանի ռեժիմին իրենց քաղաքացիների իրավունքների խախտումները վերացնելու համար»:
Թրամփը նշել է, որ որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցները վերացնելու ռեժիմը միայն նրա համար, որ Իրանի միջուկային զենքի «սարսափելի թերությունները» վերացնելու համար եվրոպական դաշնակիցների համաձայնությունը ստանա:
«Սա վերջին հնարավորությունն է: Նման համաձայանգրի բացակայության դեպքում ԱՄՆ-ն այլեւս չի հրաժարվի պատժամիջոցներից: Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի իմ խոսքը:
Ես այսուհետ կոչ եմ անում եվրոպական առանցքային պետություններին միանալ Միացյալ Նահանգներին գործարքի զգալի թերությունները վերացնելու համար, Իրանի ագրեսիային հակազդելու եւ Իրանի ժողովրդին աջակցելու նպատակով: Եթե այլ երկրները չգործեն, ապա ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի հետ պայմանագրից:
Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով նախընտրում են չաշխատել մեզ հետ, կաջակցեն Իրանի ռեժիմի միջուկային հավակնություններին եւ դեմ կլինեն Իրանի եւ աշխարհի խաղաղ ժողովուրդներին »: