Լոնդոնում Էկվադորի դեսպանատան անձնակազմի անդամները բողոքել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ, որը, ինչպես նրանք պնդում են, չի հետեւում անձնական հիգիենայի կանոններին: Այս մասին հայտնում է International Business Times-ը:

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Ասանժը չի լվացվում եւ վատ հոտ է արձակում: WikiLeaks-ի հիմնադրի անախորժությունների մասին նախկինում էլ էր հաղորդվել: Օրինակ նրա ընկեր եւ նախկին գործընկեր Ժերեմի Ցիմերմանն ասել է, որ նա կարող է օրերով հագուստը չփոխել, մինչեւ որեւէ մեկը նրան չստիպի ցնցուղ ընդունել:

«Ջուլիանն ամեն ինչ ձեռքով էր ուտում եւ մատները տաբատի վրա մաքրում: Ես կյանքումս ոչ մի անգամ այդքան յուղոտ տաբատ չեմ տեսել»,- ասել է Ասանժի մեկ այլ համախոհ, WikiLeaks-ի նախկին ակտիվիստ Դանիելա Դոմշայթ-Բերգան:

Ջուլիան Ասանժը դեսապանատան շենքում է բնակվում 2012 թվականից: Այդ ժամանակ նա Էկվադորի իշխանություններից քաղաքական ապաստան էր խնդրել՝ վախենալով, որ Շվեդիայի իշխանություններն իրեն ԱՄՆ կարտահանձնեն՝ կապված WikiLeaks-ի գործունեության հետ: Մի քանի օր առաջ լրագրողը դարձել է Էկվադորի քաղաքացի: