Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցչի հայտարարության մեջ՝ ի պատասխան գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հայտարարության:

«Վրաստանում, Մոլդովայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ձգձգված հակամարտությունները նախկինի պես արժանի են մեր ուշադրությանը, եւ մենք բարձր ենք գնահատում Իտալիայի հավատարմությունը գոյություն ունեցող ձեւաչափերով այս հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ գործունեության հետագա ամրապնդմանը: Մենք բարձր ենք գնահատում, հակամարտային իրավիճակների հումանիտար ասպեկտների նկատմամբ մշտական ուշադրությունը, որոնք, ինչպես նախկինում, առավել մեծ մտահոգություն են առաջացնում»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վիեննայում ներկայացնելով Իտալիայի նախագահության առաջնահերթությունները՝ այս երկրի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն ասել էր, որ իրենք «կսատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»: