Փախստականներին վերաբերող ճգնաժամը ձեռնտու էր Ավստրիայի կաթոլիկ եկեղեցուն՝ երկրում գրանցվել է քրիստոնեություն ընդունած մուսուլմանների զգալի քանակություն։ 2017-ին կնքված 750 չափահասների երեք քառորդը մուսուլմանական երկրներից են ժամանել, հայտնում է DW –ն՝ վկայակոչելով Վիեննայի արքեպիսկոպոսարանի պաշտոնական ներկայացուցչին։

Միայն Վիեննայում կքնվել է 15 տարբեր ազգությունների 260 մարդ։

Ֆեդերիկա Դոստալը, արքեպիսկոպոսարանում կնքման ծիսակարգի պատասխանատուն, անհիմն է համարում այն պնդումը, որ միգրանտները կրոնափոխ են լինում, որպեսզի ավելացնեն ապաստան ստանալու իրենց շանսերը։ «Քանի որ Ավստրիայում կաթոլիկ եկեղեցին չի ուզում ստանալ կեղծ քրիստոնեյաներ, մենք շատ խիստ ենք վերաբերվում կնքվելու ցանկություն հայտնողների թեկնածությունների ընտրությանը»,- նշել է նա։ Կնքվելուն պատրաստվում են առնվազն մեկ տարի, այդ ընթացքում նրանք հաճախում են կրոնական պարապմունքներ ու եկեղեցական պատարագներ, հետեւում քրիստոնեական արժեքներին ու մասնակցում բարեգործական միջոցառումների։

Եվրոստատի տվյալներով՝ 2016-ին Եվրոպա է ժամանել մոտ 1․2 մլն ապաստան որոնողներ։ Ավստրիան այս տարի Եվրոպայում հինգերորդ տեղն է զբաղեցրել՝ ընդունելով 39 860 միգրանտների։ Առաջատարներ են Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան ու Հունաստանը։ Այս տարի Ավստրայի ընդունած միգրանտների մեծ մասը աֆղաններ են, նաեւ շատ են ՍԻրիայից ու Իրաքից ժամանածները։