Քալիֆորնիայի հարավում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհերի ու վիրավորների մեջ հայերի առկայության մասին տվյալներ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով, այն շրջաններում, որոնք տուժել են ջրհեղեղներից, այդ թվում Սանտա Բարբարայում, շատ հայություն չի ապրում, ուստի տրամաբանական է, որ հայեր չեն տուժել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Քալիֆորնիայի հարավում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը աճել է մինչեւ 18 մարդու: Ավելի վաղ նշվում էր, որ տարերային աղետը խլել է 17 մարդու կյանք, տուժել է մոտ 30-ը: Ուրբաթ փրկարարական ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել էին եւս մեկ մարդու՝ 87-ամյա տղամարդու մարմին, որը զոհվել էր սողանքի հետեւանքով:

Իշխանությունների հաշվարկների համաձայն՝ ոչնչացվել է մոտ 60 շենք, վնասվել՝ գրեթե 450-ը:

Երկուշաբթիից Հարավային Քալիֆորնիայում հորդ անձրեւներ են տեղացել, նահանգի որոշ շրջաններից մարդկանց տարհանել են: Նրանցից ոմանք հրաժարվել են իրենց տները լքել: