Հակավիրուսային պաշտպանության ոլորտում մասնագիտացող Trend Micro ընկերությունը Fancy Bear հաքերական խմբավորմանը մեղադրել է ԱՄՆ Սենատի համակարգերի վրա կիբերհարձակում պատրաստելու մեջ։ Այս մասին, «Կոմերսանտ․ ռու» -ի փոխանցմամբ, ասվում է ճապոնական ընկերության զեկույցում։

«Նրանք դեռ շատ ակտիվ են, համենայն դեպս, նրանք մտադիր են նորից ազդել հասարակական կարծիքի վրա։ Նրանք փնտրում են տեղեկություններ, որոնք կարող են ավելի ուշ բացահայտել»,- շեշտում է փաստաթղթի հեղինակը, Trend Micro-ի գիտական աշխատակից Ֆայկե Հակբրեբորը։

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ցանցահենների թիրախն է լինելու ամերիկացի քաղաքական գործիչների նամակագրությունը։ Նման եզրակացությունների համար հիմք են դարձել անցած տարվա հունիսից սեպտեմբեր ամիսներին հայտնաբերված կասկածելի կայքերը, որոնց ինտերֆեյսը նման է ամերիկյան Սենատի էլեկտրոնային փոստի ներքին համակարգին։

Հիշեցնենք, որ 2016-ին մի խումբ հաքերներ, որոնք հայտնի են Fancy Bear ու Cozy Bear անվանումով, կոտրել էին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգչային ցանցը՝ օգտագործելով X-Agent վիրուսը։ Արդյունքում Դեմոկրատական կուսակցության ղեկավարության մի քանի հազար նամակներ, այդ թվում գաղտնի տեղեկություններ, հրապարակվել էին WikiLeaks-ում։

 .