Այսօր՝ հունվարի 13-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:

Այցի արդյունքներ հիման վրա  կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմեն Բիլյանը շուրջ 22 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո, նախօրեին դադարեցրել է հացադուլն ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Արմեն Բիլյանը պահանջում էր իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ, բացի այդ, նա պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Արդարադատության քրեակատարողական վարչությունից էլ հայտնել էին, որ Արմեն Բիլյանի՝ հացադուլ հայտարարելու եւ իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է: