Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը դատապարտել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով դատավճիռը։

Նրա խոսքով՝ դատավճիռը, որի հիմքում հետաքննություններով զբաղվող լրագրողի դեմ կասկածելի մեղադրանքներն են, ակնհայտ հարձակում է լրատվամիջոցների ազատության վրա։ «Անկախ լրագրողի բանտարկությունը չի կարող ընդունելի լինել։ Ես հույս ունեմ, որ դատավճիռը կչեղարկվի կամ կբողոքարկվի»,- հայտնել է Դեզիրը։

Ըստ հաղորդագրությունների՝ Մուխթարլիին առեւանգել էին Վրաստանում 2017-ի մայիսին ու հետագայում կալանավորել Ադրբեջանում։ Դեզիրը նաեւ հիշեցրել էր, որ Վրաստանի իշխանությունների հետաքննությունը դեռ չի ավարտվել։

Ավելի վաղ Ազերի փրես գործակալությունը հայտնել էր, որ ադրբեջանական դատարանը վեց տարվա ազատազրկան է դատապարտել լրագրող Աֆղան Մուխթարլիին, որին ձերբակալել էին Ադրբեջանի ու Վրաստանի սահմանին ու որի անհետացումը Թբիլիսիից սկանդալ էր առաջացրել։