«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում: Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Արծրունու եղբայրը`Սեւակ Արծրունին:

«Երկար ժամանակ է՝ ինչ Արսենը տառապում էր տարբեր անհասկանալի հիվանդություններից,  բողոքներ ու գանգատներ ուներ, որոնց պատճառը չէինք կարողանում հասկանալ: Մենք Խնդրեցինք բանտային իշխանություններին, որ թույլ տան բժշկական  ընդհանուր հետազոտություն կատարենք: Դժբախտաբար, այդ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ Արսենի մոտ առկա է վահանաձեւ գեղձի չափերի մեծացում: Ավելին, վահանաձեւ գեղձի շրջանում առկա են նաեւ բազմաթիվ ուռուցքներ, հանգույցներ, որոնց ծագումը, հայտնի չէ: Եղբորս առողջական  խնդիրների հետեւանքներն ամեն ժամ կարող են անդառնալի լինել: Մենք այս պահին դեռ չգիտենք՝ այդ հանգույցները քաղցկեղածի՞ն են, թե՞ ոչ: Եվ եթե քաղցկեղածին են, ապա մենք շատ-շատ ժամանակ ենք կորցնում, ամեն վայրկյանը թանկ է նրա առողջության համար»,-ասաց Սեւակ Արծրունին:

Սեւակ Արծրունին  հավելեց, որ այժմ իրենք պայքարում են Արսեն Արծրունու ազատության համար, որպեսզի կազմակերպեն նրա բուժումը:

«Արսեն Արծրունին Լիբանանի քաղաքացի է, եւ ազատվելու դեպքում անմիջապես Լիբանան պետք է տեղափոխվի՝ բժշկական անհրաժեշտ օգնությունը ստանալու համար. նա պետք է ամբողջական հետազոտության ենթարկվի, եւ մենք ընտանիքով կապահովենք նրա բուժման լավագույն պայմանները»,-ասաց Սեւակ Արծրունին:

Նշենք, որ ՀՀ գերագույն դատարանը 1996թ. նրան մեղավոր է ճանաչել երկու տարբեր սպանությունների դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին: Արսեն Արծրունին արդեն 23տարի է, ինչ անազատության մեջ է: 

Նշենք, որ Արսեն Արծրունին և վերջինիս փաստաբաններն պայքարում են կալանավորի ազատության համար: