Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը քննադատել է Եվրամիությանը Brexit-ի հարցում դիրքորոշման համար, որը Լոնդոնին սպառնում է միությունից դորս գալուց հետո տարբեր արտոնությունների կորստով: Նա այս մասին ասել է Welt am Sonntag-ի հետ հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել պարբերականի կայքում:

Մեկնաբանելով այն տեսակետը, թե Բրյուսելում փորձում են Լոնդոնին հնարավորինս կոշտ վերաբերվել, որպեսզի դոմինոյի էֆեկտ չհրահրեն, նա ասել է. «Նման պարանոյան ինձ հասկանալի է»: Նա ԵՄ-ին համեմատել է գոլֆ ակումբի հետ: «Բայց չի կարելի միաժամանակ ակումբ պահել եւ տուգանել նրանց, ովքեր ցանկանում են այնտեղից դուրս գալ: Հակառակը՝ հարկավոր է ավելի մեծ ջանքեր ներդնել, որ այն գրավիչ դարձնեն նոր եւ գործող անդամների համար»,- ասել է Համոնդը:

Նա նշել է, թե Լոնդոնը տեսնում է, որ, օրինակ, ԱՄՆ-ն եւ «շատ այլ երկրներ» ցանկանում են Մեծ Բրիտանիայի հետ ազատ առեւտրի մասին պայմանագրեր կնքել: «Իսկ Եվրոպայից մենք նման բան չենք լսում: Մենք Եվրոպայից հակառակն ենք լսում»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Լոնդոնը ԵՄ-ը լքելու վերջնական որոշում է ընդունել եւ չի պատրաստվում միտքը փոխել. «Ես խորհուրդ կտայի նրանց, ովքեր գնահատում են Մեծ Բրիտանիայի հետ սերտ հարաբերությունները, պատրանքներ չունենալ»: