Արցախում գնաճ գրեթե չի արձանագրվել, իսկ բյուջեի եկամուտների գերակշիռ մասն ապահովել են 7 հարկատուներ: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ամփոփե;ով նախորդ տարվա տնտեսական զարգացումների եւ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներն ու ներկայացրել առաջիկայում ծրագրվող աշխատանքները:

Նրա խոսքով, մասնավորապես անդրադառնալով 2017թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշներին, նախարարը նշել է, որ  2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս: «Դա շատ բարձր ցուցանիշ է, եւ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Ընդ որում, 15% աճի 6 տոկոսն ապահովվելու է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի հաշվին, այդ թվում 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության եւ շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Գ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ տնտեսական աճին զուգահեռ՝ գնաճ գրեթե չի արձանագրվել:

Այնուհետեւ նախարարն անդրադարձել է սեփական եկամուտների կատարողականին. այն կազմել է 41.1 միլիարդ դրամ՝ ծրագրված 38.8 միլիարդ դրամի փոխարեն. ծրագիրը գերակատարվել է ավելի քան 6 տոկոսով, ինչը եւս աննախադեպ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսի ցուցանիշ չի եղել: Սեփական եկամուտների կազմում գերակշիռ մասը կազմում են հարկային եկամուտները, եւ 2017-ին այն կազմել է 39.7 միլիարդ դրամ՝ ծրագրված 37.5 միլիարդ դրամի փոխարեն, որը գերակատարվել է 6.1%-ով: Գերակատարման արդյունքում հավաքագրված գումարի, որը կազմում է 2 միլիարդ 200 միլիոն դրամ, մոտ 50 տոկոսի չափով ապահովվել է «Բեյզ Մեթլս» հանքագործական ընկերության կողմից տրված լրացուցիչ հարկերով, իսկ մնացած 1 միլիարդ 150 միլիոն դրամն ապահովվել է այլ հարկատուների կողմից: 2016թ.-ի համեմատ՝ 2017թ.-ին հարկային եկամուտներն ավելացել են ավելի քան 22 %-ով, եւ լրացուցիչ գումարը կազմում է 7 միլիարդ 400 միլիոն դրամ:

«Հատկանշական է, որ այդ գումարի գերակշիռ մասն ապահովել են առաջին յոթ խոշոր հարկատուները՝ 5 միլիարդ 400 միլիոն դրամի լրացուցիչ հարկային եկամուտներով, իսկ մնացած մոտ 2 միլիարդ դրամն ապահովել են փոքր եւ միջին ձեռնարկությունները»,- ընդծել է նախարարը:

Անդրադառնալով 2017 թ.-ի բյուջետային ծախսերին՝ նախարարը նշել է, որ այն  կազմել է 92 միլիարդ դրամ, որը ծրագրված ցուցանիշի 97 տոկոսն է կազմում, այսինքն,  տարին ամփոփվել է առանց պարտավորությունների կուտակման: