Այսօր Արցախի Հանրապետությունում ձեւավորված է բավականին արտոնյալ դաշտ: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, 2018թվականի հունվարի 1-ից  զգալի փոփոխություններ են կատարվել այս ուղղությամբ. «Մասնավորապես, երկարաձգվել են մի շարք ոլորտներում գործող հարկային արտոնությունների ժամկետները, այդ թվում` Հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի իրացման, ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքների, գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող աշխատանքների եւ բնակարանային շինարարության մասով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման  արտոնության  ժամկետի երկարաձգում միչեւ 2021 թվականի հունվարի 1-ը: Մեղմացվել են  սահմանված որոշ պատասխանատվության միջոցները եւ միասնականացվել են հարկվող օբյեկտների նկատմամբ տարբեր հարկատեսակներով կիրառվող հարկման կանոնները, կանոնակարգվել հարկային օրենսդրությունում առկա  տարընթերցումներն ու երկիմաստությունները»:

Նախարարն անդրադարձել է նաեւ  տնտեսության ստվերային երեւույթների կրճատման ուղղությամբ տարվող  հսկողական աշխատանքներին, շեշտելով, որ ոլորտում դեռեւս բավականին անելիքներ կան: «Պետք է հասնենք նրան, որ ստուգումներն իրականացվեն բացառապես ռիսկային չափանիշներով, զարգացնելով հարկային մարմնի վերլուծական կարողությունները`  ժամանակին ռիսկերի հայտնաբերման նպատակով», - շեշտել է  Գ. Մարտիրոսյանը:

Հարկային ոլորտում առաջիկայում  իրականացվելիք ծրագրերից նախարարը առանձնացրել է  հասարակության լայն շերտերի ներգրավմամբ հարկային օրենսգրքի մշակումը, որը կարեւոր ներդրում կլինի տնտեսության ակտիվացման, գործարար միջավայրի հետագա բարելավման ու օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել երկարաժամկետ եւ կայուն տնտեսական աճ: Այն նաեւ գործարարների համար կապահովի կայուն եւ կանխատեսելի հարկային համակարգ:

Նախարարը շեշտել է, որ բոլոր բարեփոխումները  հիմնվելու են Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020 թթ. ծրագրային դրույթների վրա: