2019 թվականից Արցախում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հաղորդում է «Արցախպրեսը»

Նրա խոսքով՝ գործընթացը թե՛ Արցախում եւ թե՛ ՀՀ-ում սկսվել էր 2013 թվականին, բայց այնուհետեւ կանգ էր առել, չնայած որոշակի աշխատանքներ կատարվել էին. ներդրվել էր եկամտային եւ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգերը:

«Ըստ օրենքի, 2019 թվականից համակարգն Արցախում դառնալու է պարտադիր 1974 թվականի հունվարի 1-ից ծնված անձանց համար: Այդ համակարգի հիմնական էությունն է ապահովել ավելի բարձր կենսաթոշակներ կենսաթոշակների աղբյուրների բազմազանության հաշվին՝ ոչ միայն պետական բյուջեից թոշակ վճարելով, այլեւ համապատասխան եկամուտների եւ հիմնադրամների վճարումների շնորհիվ, ինչպես նաեւ խնայողություններ կուտակել հանրապետությունում, որպեսզի դրանք ուղղվեն տնտեսության զարգացմանը»,- ասել է Գ. Մարտիրոսյանը: