Իրանը դարձյալ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը Թեհրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրում լուրջ փոփոխություններ կատարելու մասին, հայտնում է DW-ն: 

«Այս համաձայնագիրը միջազգայնորեն ընդունված եւ ավարտված համաձայնագիր է եւ չի կարող նոր քննարկումների առարկա լինել»,- հունվարի 13-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: Փաստաթղթում նշվում է, որ այս պատճառով Թեհրանը չի համաձայնվի ուղղումներ կատարել եւ 2015-ին Վիեննայում կնքված համաձայնագրի շրջանակից դուրս նոր պարտավորություններ չի ստանձնի:

Ավելի վաղ Սպիտակ տունը 120 օրով հետաձգել էր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը, սակայն միաժամանակ հայտարարել էր, որ այդ ժամկետի ընթացքում միջուկային համաձայնագրում պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն: Ընդհանուր առմամբ, Թրամփն առաջ է քաշել 4 վերջնագրային պահանջ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 12-ին արդեն հայտարարել էր, որ միջուկային համաձայնագիրը հետագա սակարկության առարկա չէ, իսկ Թրամփի վերջնագիրը «ձանձրալի»: «Թրամփի քաղաքականությունը միայն միջազգային կարեւոր պայմանագիրը թաղելու հուսահատ փորձ է: Հնացած հռետորաբանությունը կրկնելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է լիարժեք հետեւի համաձայնագրին, ինչպես դա Իրանն է անում»,- նշել էր Զարիֆն իր Twitter-ում: