ԱՄՆ-ում Բերքլիի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի գիտնականները երկու երկնաքարերում ջուր եւ բարդ քիմիական միացություններ են հայտնաբերել, հաղորդում է Phys.org-ը:

Մոլորակագետների կարծիքով՝ սա վկայում է  այն մասին, որ մոլորակի վրա ընկած տիեզերական մարմինները կարող էին Երկրի վրա կյանքի գոյությանը հանգեցնել:

Հետազոտողները ուսումնասիրել են 1998 թվականին Երկրի վրա ընկած երկնաքարերի ներսում  աղի բյուրեղների քիմիական կազմը:

«Երկու միլիմետր չափով աղի կապույտ բյուրեղները օրգանական միացությունների եւ տարրեի պահեստ են, որոնք անհրաժեշտ  են կյանքի ծագման համար», - ասում է հետազոտության հեղինակներից մեկը` Կուինի Չանը՝ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ վերերկրյա օբյեկտում տարրերի նման համադրություն է արձանագրվել:

Գիտնականների կարծիքով՝ բյուրեղների մոլեկուլները մոտավորապես 4,5 մլրդ տարի առաջ չբացահայտված պայմաններում սինթեզվել են: Ենթադրաբար կյանքի ծագման վայրը եղել է Մարսի եւ Յուպիտերի միջեւ աստերոիդների գոտու գաճաճ Ցերերա մոլորակը:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, նրանց հայտնագործությունը ցույց է տալիս, որ պարզունակ կյանքը կարող էր գոյություն ունենալ Արեգակնային համակարգի այլ վայրերում, ինչպես նաեւ աստերոիդների բեկորներով այլ մոլորակներ տեղաշարժվել: