Ուկրաինայի իրավապահ մարմինները փնտրում են Լվովի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Էլնար Աբիեւային, ով իր մեքենայով վրաերթի է ենթարկել պարեկային ծառայության երկու աշխատակցի:

Haqiin.az-ը, վկայակոչելով Ուկրաինայի լրատվամիջոցներին հաղորդում է, որ վերջին չորս տարիների ընթացքում տիկինը 13 խախտման մասին արձանագրություն է ստացել, մասնավորապես, թմրանյութերի ազդեցության տակ վարելու համար: 26-ամյա Էլնարին ոստիկանության աշխատակիցներին կանխամտածված միջին ծանրության մարմնական վնասվածքներ ենթարկելու մեղադրանք է ներկայացվել: Հարցաքննության մասին նրան երկու անգամ ծանուցում են ուղարկել, բայց նա այդպես էլ չի ներկայացել ոստիկանություն:

Նշենք, որ համաձայն Լվովի ոստիկանության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ Peugeot-ի ղեկին նստած կնոջը ոստիկանները հունվարի 14-ին կանգնեցրել են. նա դուրս էր եկել հանդիպակաց տրամվայի գծերին:

Ոստիկանները պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, սակայն նա հրաժարվել է: Նրա հետ շփման ընթացքում ոստիկանները կնոջ մոտ թմրանյութերի ակնհայտ ազդեցություն են նկատել: Կինն անսպասելի սեղմել է արգելակը եւ վրաերթի ենթարկել ոստիկաններից մեկին, որը հարվածից մի կողմ է շպրտվել: Այնուհետ նա նույնը արել է մյուս ոստիկանի հանդեպ, սակայն ոստիկանը ամուր բռնվել է կապոտից: Դա կնոջը չի կանգնեցրել եւ նա կապոտից բռնված ոստիկանի հետ մի քանի փողոցով անցել է: