ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները փորձել են խափանել Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի ելույթը եւ կոչ են արել նրան  կալանավորել Մեծ Բրիտանիա ԱՄՆ առաջնորդի այցի չեղարկմանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Լոնդոնի քաղաքապետը մասնակցել է գենդերային հավասարության համար պայքարին նվիրված համաժողովին: Նրա ելույթի մեկնարկին ամերիկյան դրոշներով մի քանի բողոքողներ սկսել են Brexit-ի եւ Թրամփի պաշտպանությամբ կարգախոսներ բղավել: Բրիտանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում երեւում է, թե ինչպես են  տեղի ունեցողին միջամտել իրավապահները եւ կարգը խանգարողներին դահլիճից դուրս բերել, որից հետո Հանը կարողացել է իր ելույթը շարունակել:

Լոնդոնի քաղաքապետը բազմիցս հանդես է եկել Միացյալ Թագավորություն ԱՄՆ նախագահի պետական այցի իրականացման դեմ եւ պահանջել է նրա կարգավիճակի իջեցում: Ըստ որում՝ երբ հայտնի է դարձել, որ Թրամփը արդյունքում հրաժարվել է Մեծ Բրիտանիա այցելելու ծրագրից, Հանը նրան հրավիրելու երկրի վարչապետ Թերեզա Մեյի որոշումը սխալ է համարել, քանի որ նրա այցը բնակչության զանգվածային բողոքներ կառաջացներ: