2017 թվականի արդյունքներով Արցախի բյուջե հարկային մուտքերը կազմել են 39,7 մլրդ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 22 տոկոսով կամ 7,4 մլրդ դրամով: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ տարվա արդյունքներով հարկերի հավաքումը 6,1 տոկոսով գերակատարվել է: Ըստ որում՝ հարկային եկամուտների աճի մեջ առյուծի բաժինն ապահովել  են առաջին 7 խոշոր հարկատուները՝ 5,4 մլրդ դրամ, իսկ մնացած 2 մլրդ դրամը ստացվել է փոքր եւ միջին ձեռնարկություններից:

Անցյալ տարվա արդյունքներով հարկերի լրացուցիչ մուտքերը կազմել են 2,2 մլրդ դրամ, որի 50 տոկոսը ստացվել է «Բեյզ մետալս» լեռնաարդյունահանման ձեռնարկությունից, մնացած 1,150 մլրդ-ն ապահովել են մյուս հարկատուները:

«Ընդհանուր առմամբ, բյուջեի եկամուտները տարվա արդյունքներով հասել են 41,1 մլրդ դրամի՝ ծրագրված 38,8 մլրդ դրամի փոխարեն: Ցուցանիշը գերակատարվել է 6 տոկոսով, ինչը վերջին 10 տարում աննախադեպ է»,- նշեց Գրիգորի Մարտիրոսյանը:

Դրա հետ մեկտեղ, բյուջեի ծախսերը տարվա արդյունքներով կազմել են նախատեսած ցուցանիշի 97 տոկոսը կամ 92 մլրդ դրամ, համապատասխանաբար տարին փակվել է առանց պարտքերի կուտակման: