«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպանին արգելել են տեսակցել իր պաշտպանյալին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպանը` Արայիկ Պապիկյանը:

«Քրեակատարողական հիմնարկում ինձ ասացին, որ ձեր անունը ջնջվել է տեսակցողների ցուցակից, քանի որ այսօր աշխատանքային օր չէր, պատճառը չասացին: Ես ենթադրում եմ, որ դատավոր Մակյանի կողմից գրություն է ուղարկվել, քանի որ նախորդ դատական նիստին Խանդոյանը հրաժարվել է իր պաշտպաններից: Չնայած ես նույնանման պայմաններում, երբ Արմեն Լամբարյանը հրաժարվեց պաշտպանից, ես գնացել եւ տեսակցել եմ նրան»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Նա նշեց, որ այսօր Արայիկ Խանդոյանի հետ հանդիպմանը նրան իրավաբանական խորհրդատվություն էր տալու քաղաքացիական եւ վարչական հարցերով եւ ենթադրում է, որ Արայիկ Խանդոյանին զրկում են ընդհանրապես իրավաբանական խորհրդատվությունից:

Փաստաբանը նշեց, որ Արայիկ Խանդոյանը հացադուլից հետո բավական լուրջ առողջական խնդիրներ ունի, եւ 2 օր առաջ նրան «Էրեբունի» ԲԿ են տեղափոխել, հետազոտություններ են արել, սակայն ինքը տեղյակ չէ, թե ինչ հետազոտություններ են արել:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանը 11 օր  հացադուլի մեջ էր եւ միայն հունվարի 8-ին է դադարեցրել այն: