Պետք  է անհապաղ հրաժարվել ռեյտինգային  ընտրակարգից  եւ անցնել համամասնական ընտրակագի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով  այն, որ իրենց խմբակցությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով ցանկանում են վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցում կատարել ամբողջովին համամասնական ընտրակարգի:

«Հաջորդ ընտրությունները չպետք է տեղի ունենան այս խայտառակ ընտրակարգով եւ եթե ընտրական օրենսգիրքը չի աշխատում, կամ սողանքների տեղ է թողնում պետք է այն փոխել, ոչ թե ընտրություններից առաջ եւ հեւիհեւ, այլ պետք է փոխել հիմա, երբ առաջիկայում որեւէ ընտրական գործընթաց չի նախատեսվում»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ապրիլյան ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային համակարգը, ոչ թե համամասնական ընտրակարգ է, այլ 100 տոկոսանոց թաքնված մեծամասնական ընտրակարգ:

«Ռեյտինգային համակարգը այս ընտրությունները քաղաքական դաշտից տեղափոխեցին ապաքաղաքական հարթակ, որտեղ գործեց մեկ պարզ  ֆորմուլա` ինչքան շատ փող, այնքան շատ ռեյտինգ եւ ընտրությունների քաղաքական կոմպոնենտը  լրիվ չեզոքացվեց: Եվ մենք այս քայլով փորձում ենք ընտրությունները տեղափոխել քաղաքական հարթակ, եւ մենք առաջարկում ենք հրաժարվել ռեյտինգային համակարգից եւ անցնել 100 տոկոսանոց համամասնական ցուցակներով ընտրակարգի»,-ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` թեեւ այլ խմբակցությունների հետ չեն քննարկել այս հարցը, սակայն հարցը օրակարգ դնելուց հետո քննարկում կանցկացնեն եւ ակնկալում են, որ իրեց նախաձեռնությունը աջակցություն կստանա խորհրդարանի այլ քաղաքական ուժերի կողմից:

«Պետք  է անհապաղ հրաժարվել ռեյտինգային  ընտրակարգից, հաջորդ ընտրությունները չպետք է տեղի ունենան այս խայտառակ ընտրակարգով: ՀՅԴ խմբակցության անդամները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել այս ընտրակարգի հետ կապված եւ հուսով եմ` իրենց հայտարարություններն կամրագրեն իրենց քայլերով եւ գործողություններով եւ ակնկալում ենք, որ կաջակցեն մեզ»,- հավելեց նա: