Այսօր՝ հունվարի 13-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները  «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ-ում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի եւ Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նաեւ նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասության սահմաններում քայլեր են ձեռնարկվում Ա.Բիլյանի, Ս.Բարսեղյանի եւ Ա.Խանդոյանի բարձրացրած բոլոր հարցերի առնչությամբ` հացադուլի սկզբից:

Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է բժշկական զննության, ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Ներկայում գտնվում է թերապեւտիկ բաժանմունքում եւ նրա նկատմամբ իրականացվում է վերականգնողական բուժում: Երեկ կատարվել է ներերակային ներարկում, որը նախատեսվում է կատարել նաեւ այսօր: Ըստ բժշկի պարզաբանման՝ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:

Առանձնազրույցի ընթացքում պարզվել է նաեւ, որ Արմեն Բիլյանը սնունդ ընդունում է բժիշկների, այդ թվում՝ իր բժշկի խորհրդատվությանը համապատասխան, ինքնազգացողությունը բավարար է:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է, ունենում է մարմնի ընդհանուր թուլություն: Առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանը բողոք կամ հարց չի ներկայացրել: Պաշտպանի ներկայացուցիչների այցից անմիջապես հետո նրան տեսակցել է բժիշկ: Պարզաբանվել է, որ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:

Առանձնազրույցի ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտնել է, որ ունի երիկամների ցավ եւ գլխացավ: Մի շարք բժշկական հետազոտություններ կատարելու նպատակով Արայիկ Խանդոյանը երեկ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Ա.Խանդոյանը ներկայացրել է նաեւ մի շարք այլ հարցեր, որոնց լուծմանը նպաստելու ուղղությամբ մեր կողմից ձեռնարկվում են հետեւողական քայլեր:

Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի եւ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի եւ նրանց իրավունքների ապահովմանն առնչվող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում։