Հայաստանում թանկացումների պատճառը ոչ միայն որոշ ապրանքատեսակների ակցիզային դրույքաչափերի բարձրացումն է, այլեւ եվրոյի ու դոլարի փոխարժեքների բարձրացումը, որը 2018-ին կպահպանվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, հասարակությանը պետք է անկեղծորեն ասել, որ եվրոյի ու դոլարի թանկացման պատճառով 2018-ին եւս արտերկրից ներմուծված ապրանքները չեն կարող էժանանալ. «Հետեւաբար, մի կողմից կունենանք դոլարով ու եվրոյով պայմանավորված թանկացումներ, մյուս կողմից ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ, մի կողմից էլ ԵՏՄ-ով պայմանավորված 800 անուն ապրանքների աստիճանաբար թանկացումն է լինելու: Միաժամանակ, ԵՏՄ-ից ապրանքների էժանացումներ կարող են լինել: Երրորդը՝ սպեկուլյատիվ թանկացումներ են լինելու, որոնք պայմանավորված կլինեն նրանով, որ կարեւոր, խոշոր ներկրողները, որոնք այսօր եղանակ են ստեղծում շուկայում, կարող են բարձր գների ազդեցությունը պահել: Փոքր բիզնեսներն էլ կձգտեն մի քիչ գները բարձրացնել մուլտիպլիկատիվ էֆեկտով, քանի որ իրենք էլ ինչ-որ բաներ գնում են խոշոր ներկրողներից, կամ էլ կփորձեն գոյատեւան վիճակից անցնել մի փոքր եկամտաբեր վիճակի»:

Գագիկ Մակարյանը նշեց, որ պատահական չէ, որ ՀՀ նախագահը շատ ճիշտ ժամանակին թանկացումների հետեւանքները մեղմելուն ուղղված խորհրդակցություն հրավիրեց, որ պետական մարմինները միմյանց հետ համագործակցեն, քննարկեն, տեսնեն, թե ինչ լուծումներ կարող են տալ. «Ճիշտ չէ մտածել, թե թանկացումների խնդիրը միայն ՏՄՊՊՀ-ին է վերաբերում: Իրականում տարբեր լիազոր, տեսչական մարմիններ միասին պատասխանատու են, առնվազն 4-5 գերատեսչություն պետք է իրար հետ համագործակցեն»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունն ի՞նչ կարող է տալ, ի՞նչ պետք է անի իշխանությունը՝ մեղմելու համար գնաճի հետեւանքները՝ հաշվի առնելով, որ պետությունը գներ թելադրելու իրավունք ու լիազորություն չունի, տնտեսագետը պատասխանեց. «Նախ պետությունը պետք է մրցակցային հանձնաժողովով հետեւի, որ սպեկուլյատիվ թանկացումներ չլինեն: Այսինքն լինեն միայն օբյեկտիվ պատճառներով թանկացումներ: Երկրորդ, սոցիալական պաշտպանության ծրագրերը, որոնց համար այս տարի 106 մլն դոլար է նախատեսված, կարող են վերանայվել: Երրորդը արտոնագրային վճարների նվազեցումն է, 4-րդը, տեղական արտադրանքի խթանումն է: Օրինակ, պետությունը տեղական արտադրանքների համար, որոնք կրիտիկական են ժողովրդի համար, հատուկ արտոնյալ ռեժիմներ կարող է սահմանել: Հայաստանի ներմուծման ծավալների կեսը սննդամթերք է, այդ սննդամթերքի շատ տեսակներ կարող են Հայաստանում արտադրվել, որի դեպքում դրանք կլինեն էժան, քանի որ հիմնված կլինի տեղական հունքի ու աշխատուժի վրա: Հինգերորդ, պետությունը կարող է հազարավոր ընտանիքների փորձի սուբսիդիաներ տրամադրել որոշակի ֆոնդերից»: