Հունվարի 8-ին ողբերգական ավտովթարից մահացած 34-ամյա ՃՈ տեսուչ Խաչիկ Գասպարյանի հարազատները ամենախիստ պատիժն են պահանջում վթարի հեղինակ «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու` Սարգիս Վարդանյանի համար:

«Մենք ուզում ենք, որ այդ ստահակը ամենախիստ պատիժը ստանա, ինչ որ նախատեսվում է նման դեպքերում, իսկ օրենքով պատժվելուց հետո էլ նա իր պատիժը կստանա Աստծո կողմից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկի եղբոր կինը` Մարիամ Բաբայանը:

Հարազատները կարծում են, որ վթարի հեղինակ Սարգիս Վարդանյանի հղի կնոջ հետ կապված պատմությունը հնարված է, դա ընդամենը պատիժը մեղմացնելու համար արված քայլ էր. «Մեր տեղեկություններով Սարգիսը կին ունեցել է, բայց հիմա ամուսնալուծված է, ուղղակի պատմություն են հորինում, իբր շտապելիս է եղել»:

Հարազատները մեզ հետ զրույցում ասացին, որ Վարդանյանները մինչեւ հիմա նույնիսկ մի  անգամ չեն ցավակցել իրենց:

«Ոչ մի ցավակցական քայլ չեն արել մինչեւ հիմա. ի՞նչ կարիք կա, իրենք երեւի միայն իրենց մասին են հիմա մտածում, ազատվելու եզրեր են փնտրում»,-ասաց Մարիամ Բաբայանը:

Խաչիկի եղբոր կինն ասաց, որ մոտ 2 տարի է, ինչ Խաչիկն ամուսնացել էր. Շատ էր սիրում կնոջը, նախանձելի ամուսիններ էին:  Առաջնեկը` որդին, հունվարի 3-ին էր ծնվել, չէր էլ հասցրել զգալ հայրական բերկրանքը:

«Երեխան հունվարի 3-ին էր ծնվել, ու քանի որ իր քեռին էր մահացել, նույնիսկ տուն չէր բերել որդուն: Շատ էր սպասում որդու ծնվելուն` նախապես էլ որոշել էր, որ իր հայրիկի անունն է կրելու որդին»,-ասաց Մարիամը:

Խաչիկի հորեղբոր աղջիկը` Սուսաննան էլ ասաց, որ Խաչիկի ընկերները, համագյուղացիները հուղարկավորությունից հետո ամեն օր մոմավառություն են կազմակերպում նրա շիրմի մոտ:

«Բոլորը շատ էին սիրում  Խաչիկին, նրան ջիգյար էին անվանում ու մինեչւ հիմա էլ չենք հաշտվում կատարվածի հետ, որովհետեւ իրոք առանձնահատուկ մարդ էր»,-հավելեց Սուսաննան:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ  հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎ X6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խ. Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Վերջինս ոստիկանությունից տեղափոխվել էր Քննչական կոմիտեի եւ ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով»:

Սարգիս Վարդանյանը «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին է: