Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես Վրաստանում հարձակման ենթարկված գործարար ՀՀ քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանի եւ նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

«Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև, դուրս գրվի։ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն»,-նշել են դեսպանատնից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արեւմտյան Վրաստանում Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ նրանից խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել: Տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանն է, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութներ ունի:

Սուքիասյանի վրա հարձակվել են հունվարի 13-ի առավոտյան իրենց շենքի մուտքում: Դիմակավորված 2 տղամարդ նրա գլխին են հարվածել բութ առարկայով, որից հետո հափշտակել են 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր Թբիլիսիի Լիլո շուկա գնալ՝ իր խանութների համար ապրանք գնելու, եւ հենց այս պատճառով էլ մոտը այդքան խոշոր գումար ունեցել:

Ներկայումս Սուքիասյանը հիվանդանոցում է:

Ենթադրյալ չարագործները մինչեւ հիմա ձերբակալված չեն:

Տեսանյութը՝ դիտել ԱՅՍՏԵՂ