Վիքիպեդիան 17 տարեկան է: Այն ստեղծվել է 2001 թվականի հունվարի 15-ին: Համարվում է, որ Վիքիպեդիան հայտնի հանրագիտարան է, որն ունիվերսալ է եւ հեշտությամբ տարածվում է համացանցում:

Այն բոլոր գոյություն ունեցող հանրագիտարանների շարքում ճանաչվել է որպես ամենալիարժեքն ու հստակը: Վիքիպեդիան ընդգրկված է աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող կայքերի ցանկում: Հատկանշական է, որ այս հանրագիտարանի տեղեկատվությունը տրամադրվում է աշխարհի մի քանի լեզուներով: Այս աշխատանքը կատարում են կամավոր մարդիկ:

Ցանցի ցանկացած օգտվող կարող է օգտվել Վիքիպեդիայի կայքից. եթե նա սխալ կամ անբավարար տեղեկատվություն է տեսնում, ապա կարող է ուղղակիորեն խմբագրել տեքստը եւ փոփոխություններ կատարել կայքում: Այսպիսով, անընդհատ թարմացում է տեղի ունենում, եւ բաժինները լրացվում են: Սա ուղղակիորեն ազդում է նաեւ հենց աղբյուրի զարգացման վրա: Վիքիպեդիան ստեղծել են Ջիմի Ուեյլսն ու Լարի Սենգերը: Այս բառը հավայերենից թարգմանաբար «արագ» է նշանակում: Պետք է նշել, որ այս հանրագիտարանը սկզբնաղբյուր չի հանդիսանում: Հետեւաբար, եթե դրա սահմաններում որեւէ փաստ է մատնանշվում, ապա անհրաժեշտ է նշել նաեւ գործող ճշմարիտ աղբյուրի հղումը: Հակառակ դեպքում չի թույլատրվի հոդվածը հրապարակել:

Հայերեն Վիքիպեդիա. 210 հազար հոդված

Ներկայումս Վիքիփեդիայի հայերեն տարբերակը ավելի քան 210 հազար հոդված է ներառում: Սա մի քանի անգամ ավել է, քան Մեծ ռուսական հանրագիտարանի ծավալը: Հայերեն Վիքիպեդիան Հայաստանի բնակչության թվաքանակի տեսանկյունից բավական ակտիվ է զարգանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության աշխատակից Դաթո Աբուլաձեն: Դրանից զատ, նրա խոսքով՝ հայկական Վիքիպեդիան մտնում է աշխարհում առավել ակտիվ զարգացող Վիքիպեդիաների մեջ:

«Սակայն վերջին 2-3 տարիներին մենք կենտրոնացել ենք ոչ թե հայկական Վիքիպեդիայում հոդվածների քանակության, այլ որակի վրա, ինչը մեզ համար ավելի կարեւոր է»,- պարզաբանեց Աբուլաձեն՝ նշելով, որ իրենց խնդիրն այն է, որ հայկական Վիքիպեդիան աշխարհի խոշորագույն, առաջատար եւ որակյալ Վիքիպեդիաների ցանկում արժանի տեղ գրավի:

Միաժամանակ, խոսելով հայերեն Վիքիպեդիայում առկա խնդիրների մասին՝ նա նշեց, որ խմբագիրների պակաս ունեն. «Քանի որ որքան տեքստում շատ սխալ է հանդիպում, այնքան մեծ է հավանականությունը, որ ուղղակի չեն բավականացնում խմբագիրները, որոնք պետք է հետեւեն տեքստի որակին, իսկ արդեն գործող խմբագիրները պարզապես չեն հասցնում բոլոր սխալներն ուղղել»: