Էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքում կլինի երաշխավորված մատակարար՝ ՀԷՑ-ը, ու եթե որեւէ մեկը չի ուզում այլ մատակարարից էլէկտրաէներգիա գնել, կա երաշխավորված մատակարար, որը միշտ կարող է կարգավորվող գներով ապահովել էլեկտրաէներգիայով: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է նախագիծը ներկայացնող Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, այլընտրանքային մատակարարները պետք է ձգտեն ավելի լավ պայմաններով էլեկտրաէներգիա վաճառել՝ ներկրելով ինքնավար կայաններից. «Այսինքն կլինի այլընտրանքային մատակարար, եւ կլինի երաշխավորված մատակարար՝ ՀԷՑ-ը: Կլինի մեծածախ առեւտրով զբաղվող ընկերություն, որը ավելի ժողովրդական լեզվով ասած թրեյդերներն են: Այսինքն չի լինելու առանձին ներկրման եւ առանձին արտահանման լիցենզիա: Միաժամանակ, լիցենզիայի գինն էլ 5 մլն դրամից նվազեցնում ենք 1 մլն-ի»,-ասաց փոխնախարարը:

Ըստ Հայկ Հարությունյանի, լինելու է ուղիղ պայմանագրերի շուկա արդեն խոշոր սպառողների համար, որոնք կկարողանան ուղիղ պայմանագրերով էլեկտրաէներգիա գնել, եւ օգտվել ՀԷՑ-ի միայն բաշխիչ ֆունկցիայից. «ՀԷՑ-ն ունենալու է մատակարարման սակագին եւ բաշխման սակագին: Բաշխման սակագինը էլեկտրաէներգիան Ա կետից Բ կետ տեղափոխելու համար է, իսկ մատակարարման սակագինը՝ արդեն իր վաճառքի գոծառույթների բոլոր ծախսերն են՝ լույսի մարդիկ, հաշվառման համակարգերը եւ այլն»:

Հայկ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ մրցունակությունը բերելու է արդյունավետության բարձրացման:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն իր խոսքում նկատեց, որ խորհրդայիան տարիներին Հայաստանն արտադրել է 17 մլրդ կվտ էլեկտրաէներգիա, հիմա 7 մլրդ: Այն ժամանակ ամենամեծ սպառողը եղել է արդյունաբերությունը, ոչ թե բնակչությունը: «Եթե մեր տեղական սպառումն այդքան մեծ չէ, ապա հիմնական աճը գալու է արտահանման հաշվին: Մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ սպառում ենք գտնելու հարեւան երկրներում, որ հարեւան երկրներում ավելի էժան էլեկտրաէներգիա չեն արտադրելու, քան մեզ մոտ»:

Ի պատասխան Հայկ Հարությունյանն ասաց, որ 2017 թվականին սպառման ավելացումը հիմնականում եղել է արդյունաբերության հաշվին. «Հարեւան երկրներում մենք վստահ ենք, որ ունենք էլէներգիայի վաճառքի շուկա: Միաժամանակ գիտակցում ենք, որ դա անսահմանափակ չէ, հետեւաբար, որոշակի լիզորություններ ենք վերապահում կառավարությանը՝ կանխատեսել շուկաները»: