Հայաստանի օրենսդրությունը տարիքային շեմ է սահմանում, վիճակախաղերի ծառայություններից օգտվելու դեպքում՝ 18 տարեկան, իսկ շահումով խաղերի դեպքում՝ 21 տարեկան, սակայն այս սահմանափակումները խախտելու դեպքում՝ տուգանքից չափը շատ ցածր է: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա նշեց, որ հիմա այդ տուգանքը կազմում է ընդամենը 100 հազար դրամ. «Ֆինանսների նախարարության կողմից վերջին 4  տարում միայն մեկ դեպք է  եղել, որ տուգանվել է անձը: Ակնհայտ է, որ այս խաղերի կազմակերպումը տնտեսական ակտիվության չափաբաժնում գնալով աճում է: Բոլորս, հավանաբար, ականատես ենք եղել, որ անչափահասները կարողանում են օգտվել այդ ծառայություններից: Փողոցում տեղադրված ապարատների մոտ բազմաթիվ անչափահասներ խաղադրույքներ են անում: Մենք առաջարկում ենք 100 հազար դրամ տուգանքը դարձնել 2 մլն դրամ, եթե խախտումն առաջին անգամ է տեղի ունենում: Եթե խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվում է երկրորդ անգամ, տուգանքը կկազմի 5 մլն դրամ, եթե երրորդ անգամ է կրկնվում, տուգանքը կլինի 10 մլն դրամ: Իսկ մեկ տարվա ընթացքում եթե կրկնվում է խախտումը, ապա ընկերությունը զրկվում է լիցենզիայից»,-ընդգծեց Ֆարմանյանը:

Օրինագիծն առաջարկում է նաեւ վիճակախաղերի կազմակերպման դեպքում եւս տարիքային շեմը 18-ից դարձնել 21:

Ֆարմանյանը կոչ արեց լրագրողներին, օրենքն ընդունվելուց հետո, սեփական հետաքննությունն իրականացնել, լուսանկարել անչափահասներին, որոնք վիճակախաղերից են օգտվում, որի դեպքում՝ ֆինանսների նախարարությունը ստիպված կլինի ընդունել խախտման փաստը:

«Ելք»-ն առաջարկում է խաղատուն այցելելու սահմանափակումներ մտցնել (ուղիղ)