Թուրքիայի Քարաման քաղաքի պատմական թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին գրավում է տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությունը։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Քարամանի Թափուջաք թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին կամ տեղացիների մեջ հայտնի Աղբյուրով եկեղեցին 2007 թվականին հանձնվել էր  Տուրիզմի եւ մշակույթի նախարարությանը, որից հետո այն վերանորոգվել է ու որպես թանգարան է ներկայանում այցելուներին։

Նշվում է, որ եկեղեցու առաստաղի որմնանկարները ամենաշատն են գրավում տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությունը։

Քարամանի տուրիզմի եւ մշակույթի վարչության պետ Աբդուլլահ Քըլըչը նշել է, որ Քարամանում երկար ժամանակ հայերը, հույները եւ թուրքերը միասին են ապրել։ Նրա խոսքով՝ եկեղեցին նաեւ Աղբյուրով եկեղեցի են անվանում, քանի որ եկեղեցու բակում աղբյուր է եղել։