Հայաստանի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչումը ամբողջ աշխարհում եզդիների եւ այդ ցեղասպանության զոհերի համար պատմական պահ է: Այս մասին նշված է հայտնի իրավապաշտպան Նադիա Մուրադի եւ եզդիների Yazda համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ իրենք ողջունում են այս կարեւոր քայլը, հատկապես այն պատճառով, որ այն նախաձեռնել է մի երկիր, որն ինքը ցեղասպանությունից տուժել է:  «Ինձ հուզեց այսօրվա որոշումը, եւ ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի ժողովրդին ու խորհրդարանի ներկայացուցիչներին: Ցեղասպանության ճանաչումն ինձ համար եւ ցեղասպանության բոլոր զոհերի համար շատ նշանակալից է»,- հայտարարել է Նադիա Մուրադը:

Yazda-ի գործադիր տնօրեն Մուրադ Իսմայելն իր հերթին նշել է, որ աշխարհը պետք է ճանաչի այս հանցագործությունը եւ ցեղասպանության փաստը, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկի, որպեսզի ապագայում համանման հանցագործությունների կրկնողություն թույլ չտրվի:

Yazda կազմակերպությունը եւ Նադիա Մուրադը շնորհակալություն են հայտնում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովին, պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին եւ «Ծառուկյան» դաշինք ու «Ելք» խմբակցություններին: