2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 20285 դեպք, նախորդ տարի արձանագրված 18764 դեպքի համեմատությամբ 1521-ով կամ 8,1  տոկոսավել:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանցագործության դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում ոչ մեծ /1622 դեպք/ եւ որոշ չափով միջին ծանրության /284 դեպք/ հանցագործությունների հաշվին: Իսկ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ էապես նվազել է:

2016 թվականի համեմատությամբ 2017 թվականին առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 33-ով կամ 16,7  տոկոսով /198-165/,  ծանր հանցագործության դեպքերը նվազել են 352-ով կամ 11,4  տոկոսով /3081-2729/:

Փաստորեն, եթե 2016 թվականին առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 1.05  տոկոսը, ապա 2017 թվականին՝   0.8  տոկոսը: Ծանր հանցագործությունները՝ 2016 թվականին կազմել են ընդհանուր հանցագործությունների 16.4 տոկոսը, 2017 թվականին՝ 13,4 տոկոսը: