Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիային պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել, որում նշել են, թե Երկրի վրա կյանքը երբ ոչ պիտանի կդառնա մարդկանց եւ մյուս կաթնասունների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետներն իրենց հետազոտության մեջ մատնացույց են անում կլիմայական փոփոխությունների վտանգավորությունը, որոնք անխուսափելի են էներգիայի օգտագործման պատճառով, որը կշարունակի աճել նույնիսկ մթնոլորտ ջերմային գազերի արտանետումների կրճատման դեպքում: Նրանց տվյալներով՝ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը կենդանիների ողջ մնալու համար ոչ պիտանի կդառնա արդեն 2200-2400 թվականներին՝ անկախ 2100 թվականին բնակչության աճի նվազումից:

Գիտնականները նաեւ այլ վտանգներ են մատնացույց անում, որոնք կարող են քաղաքակրթության վախճանի բերել: Դրանց թվում են՝ միջուկային ձմեռը, համավարակները, աստերոիդների հետ Երկրի բախումը, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտի ստեղծման անսպասելի հետեւանքները: