Եթե 50-100 հազար մարդ պահանջի իշխանափոխություն, մենք ո՞վ ենք, որ չտանենք իշխանափոխության: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին «Ելք»-ի կազմակերպած բողոքի երթին՝ ուղղված թանկացումների դեմ:

«Չեմ ուզում ոչ մեկին քննադատեմ, ժամանակը ցույց կտա, չգիտեմ՝ ինչ դաշտ եք տանում։ Գզվռտոցը տանում եք ընդդիմադիր ուժերի մեջ, ինչ եք անում… Ազգիդ 90 տոկոսը ընդդիմադիր է, թող միանա։ Մենք չեն գնում նկարահանվելու, տեսնում ենք՝ լուրջ պրոբլեմներ կան հետագայի հետ կապված, հանապազօրյա հարցի լուծման խնդիր է: Էսօր մենք դուրս ենք գալիս փողոց, որ էդ կանխենք, ոչ թե ոնց որ լրագրողն ա հարց տալիս կտանե՞ք իշխանափոխության: Իշխանափոխություն տանողները էս օրին գցին ժողովրդին, ընդդիմությունն էլ վերացավ։ Սրան պիտի առաջնահերթ միանա ժողովուրդը սոցիալ տնտեսական վիճակից ելնելով»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք»-ը թանկացումների դեմ ուղղված բողոքի երթ է կազմակերպում հունվարի 19-ին: Այս նախաձեռնությանը դեմ են արտահայտվել ինչպես իշխանությունները, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ նշելով, որ չեն ուզում մասնակցել «ուրիշի հարսանիքի»: