Հայաստանում եկամտահարկի նոր դրույքաչափերը կվնասեն ՏՏ ոլորտի ընկերություններին: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ դրույքաչափերը բարձրացնելու որոշումը կայացվել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջեւ բանակցությունների արդյունքում. հենց այդ ժամանակ են «սպիտակ գոտու» ընկերությունների բարձր վարձատրվող աշխատակիցների շահերը սակարկման առարկա դարձրել:

«Պարզ է, թե ինչ է տեղի ունենում. ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը բարձրացնում են Հայաստանի պետական պարտքի հարցը եւ ստիպում են երկրին այնպիսի օրենք ընդունել, որը թույլ կտա փակել այդ պարտքը: Սակայն ստվերային բիզնեսի կրճատման փոխարեն ՀՀ կառավարությունը որոշել է հարված հասցնել «սպիտակ գոտու» ընկերություններին, որոնց մեծամասնությունը աշխատում է ՏՏ ոլորտում»,- նշեց Վարդանյանը` վստահություն հայտնելով, որ իշխանություններին սերտաճած ստվերային բիզնեսը չի հրաժարվի իր հարմարավետ պայմաններից:

Փորձագետը նաեւ նշել է, որ եկամտահարկի 2 տոկոս բարձրացումը բեռ կդառնա ընկերությունների համար, որոնք ստիպված կլինեն նույնքան բարձրացնել աշխատավարձերը, որպեսզի աշխատակիցները չտուժեն: «ՏՏ ոլորտում շուրջ 16 հազար մասնագետ է աշխատում: Աշխատավարձային ֆոնդը կազմում է մոտ 500 միլիոն դոլար, հետեւաբար հարկի 2 տոկոսանոց աճը ընկերություններին 10 միլիոն դոլարի վնաս կպատճառի, եւ ոչ մի պետական ծրագիր այդ գումարի փոխհատուցում չի նախատեսում»,- նշեց Կարեն Վարդանյանը՝ հավելելով, որ ընկերությունները հարկերը վճարելու համար ստիպված կլինեն կրճատել բիզնեսի զարգացման, կադրերի վերապատրաստման, մարքեթինգի ծախսերը: