Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ հունվարի 17-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց վկա Լեւոն Մեսրոպյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Գեղամին (Պետրոս Իսրայելյանին): Նա նշեց, որ 2016թ. հոկտեմբերին հիվանդանոցում տեսության է գնացել Արա Վարդանյանին (Ճվճվ Արո), վերջինը նրանից հետաքրքրվել է` արդյոք Վահագն Մանուկյանին ճանաչում է, թե ոչ` հայտնելով, որ վերջինը գումար է պարտք նրան եւ այժմ բուժման համար այդ գումարը հարկավոր է նրան:

«Հոկտեմբերին Արան զանգեց ինձ, ասաց, որ հիվանդանոցում պառկած է, հարցրեց` վարդենիսցի Վահագին ճանաչում ես, ասաց, որ իրեն գումարէ  պարտք 2000 դոլար, թող բերի տա: Ասի` փոքր քաղաք ա, կփորձեմ գտնել: Դուրս եմ եկել,Մուշեղ Մուշեղյանն է մոտեցել ինձ, ասել է` Վահագին կասես ինձ տեսնի, 2 հազար պարտք չէ Արոյին, այլ 20 հազար: Արոն հիվանդ է, պետք չէ, որ նրան տեսնի: Ես էլ Վահագին ասել եմ, որ Արան հիվանդանոցում պառկած է,թող գնա, տեսնի»,-պատմեց վկան:

Վկան նշեց, որ գործով այլ հանգամանքների չի տիրապետում: Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց:

Դատական նիստը շարունակվում է:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: