Ոչ մեկ հավերժ չէ իր պաշտոնում եւ այդ պաշտոնից ազտավելը չի նշանակում կուսակցությունից հեռանա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին՝ կա՞ Հովիկ Աբրահամյանի՝ «մայր գետին» միանալու հավանականություն, Բաղդասարյանը պատասխանեց․ «Ես խնդրում եմ` չփորձեք ինձ տանել այն դաշտը, որ անձերի շուրջ քննարկումներ ծավալեմ: Հովիկ Աբրահամյանը մեր ընկերն է, մնում է մեր ընկերը, եւ այդ գետերի միացման հետ կապված, ես չգիտեմ, թե դուք ինչ ակնարկներ եք կատարում: Հովիկ Աբրահամյանն այսօր զբաղվում է իր գործունեությամբ, պարզապես նա ժամանակավորապես պասիվ է քաղաքականության մեջ, եւ դա նորմալ երեւույթ է»:

Այդուհանդերձ, Բաղդասարյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուների թվում չկա․ «Նա նախագահի թեկնածուների թվում չկա, համենայնդեպս ես խոսել եմ Հովիկ Աբրահամյանի հետ եւ գիտեմ, որ չկա: Նման ցանկություն իր կողմից չկա, եւ կուսակցությունը դեռեւս անուններ չի քննարկել»։