Ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում, եւ պաշտոնական տվյալներով Հայաստանում գնաճը կազմել է 2.6 տոկոս: Այս մասին հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Շաքե Եսայանի հարցին, թե ինչու՞ կառավարությունը չկարողացավ կանխատեսել երկրում գների բարձրացումը, հատկապես՝ ակցիզային հարկի բարձրացում նախատեսող նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ Վրաստանում նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 6.7%, իսկ Ադրբեջանում` 7.9%: «Ինչ վերաբերում է սեղմված գազի, դիզելային վառելիքի եւ բենզինի գնի բարձրացմանը, ապա պետք է ասեմ, որ բենզինը թանկացել է 20 դրամով՝ կազմելով 430 դրամ, մինչդեռ Վրաստանում նույն բենզինը շատ ավելի թանկ արժե: Սա այն դեպքում, երբ մենք հենց այդ երկրի միջոցով ենք ստանում բենզինը»,- ասել է ՀՀ վարչապետը` հավելելով, որ բենզին օգտագործողները անհրաժեշտության դեպքում կարող են անցնել գազի՝ որպես այլընտրանքային վառելիք:

Միեւնույն ժամանակ, ըստ Կարեն Կարապետյանի, սեղմված գազը թանկացել է 25 դրամով՝ հասնելով 190-220 դրամի: Եվ սա 2015 թվականի մակարդակն է: «Դիզելային վառելիքի ակցիզային հարկը կրճատվել է, մենք կիրառում ենք միայն ավելացված արժեքի հարկը: Իսկ դիզելային վառելիքը Հայաստան ներկրվում է հին ակցիզային հարկադրույքով»,- եզրափակել է Կարեն Կարապետյանը: