Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով վկաներ Արամ Պետրոսյանը եւ Դավիթը Հախանումյանը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այսօր՝ հունվարի 17-ին, կրկին չէին ներկայացել: Դատարանը նախորդ դատական նիստի ընթացքում նրանց բերման ենթարկելու մասին որոշում էր կայացրել, սակայն, նրանց բնակության հասցեներով ժամանած ոստիկաններն այդպես էլ գործով վկաներին բնակարաններում չէին հայտնաբերել: Դատարան ստացված գրություններով ոստիկանները տեղեկացրել էին, որ վկաներից Արամ Պետրոսյանի բնակարանի դուռը փակ է եղել եւ ոչ ոք այն չի բացել: Իսկ վկա Դավիթ Հախանումյանի բնակության վայրում տեղեկացրել են, որ նա Կապան քաղաքում է գտնվում, թե երբ կվերադառնա՝ չեն կարող հայտնել:

Դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին դատարան հրավիրել գործով տուժողի իրավահաջորդ Նարինե Հովհաննիսյանին՝ ցուցմունք տալու:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 24-ին:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: